Գանձասարը հաղթում է Բանանցին ու մոտենում է Իմպուլսին
Հայաստանի առաջնության 31-րդ տուրը մեկնարկեց Կապանում, որտեղ «Գանձասարը» մրցեց Երևանի «Բանանցի» հետ: Սևադա Արզումանյանի սաներին հաջողվեց 2:0 հաշվով պարտության մատնել հյուրերին:
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Դիեգո Լոմբան, ով աչքի ընկավ 36-րդ ու 40-րդ րոպեներին:
Այս հաղթանակը թույլ տվեց «Գանձասարին» 47 միավորով ամրապնդվել 4-րդ տեղում ու ընդհուպ մոտենալ լավագույն եռյակն եզրափակով «Իմպուլսին», որը վաղը հյուրընկալվելու է «Փյունիկին»:
31-րդ տուրի մյուս հանդիպումները կայանալու են վաղը` նոյեմբերի 25-ին:
Գանձասար-Բանանց. խաղից առաջ
"ԳԱՆՁԱՍԱՐ"-"ԲԱՆԱՆՑ" 28 խաղ, +9=7-12, 24:42
24 նոյեմբերի, ժ.14:00, Կապան, "Գանձասար" մարզադաշտ
Նախորդ տուրում "Գանձասարն" անհաջող խաղաց' 0:3 հաշվով պարտվելով "Իմպուլսին", իսկ "Բանանցը" "Միկայի" հետ մրցավեճում խաղավերջում փրկվեց պարտությունից:
Ապրիլի 7-ին Կապանում կայացած թիմերի առաջին շրջանի հանդիպումն ավարտվեց "Գանձասարի" խոշոր հաշվով հաղթանակով: Նախ աչքի ընկան "Գանձասարի" լեգեոնականներ Գուստավո Կորեան ու Դեյան Վուկոմանովիչը, ապա խաղավերջում Արա Խաչատրյանը 11մ հարվածով խփեց 3-րդ գնդակը:
Դա ՀՀ առաջնություններում "Բանանցի" նկատմամբ "Գանձասարի" տոնած խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր: Իսկ ահա "Բանանցն" այդ կարգի 6 հաղթանակ է տոնել մրցակցի նկատմամբ: Առավել հաջող "Բանանցը" մրցակցի դեմ խաղացել է 2006թ., երբ կապանցիներն իրենց նորամուտը նշեցին բարձրագույն խմբում: 4 հանդիպումներից 3-ում "Բանանցը" հաղթեց խոշոր հաշիվներով (7:1, 4:1, 5:1), մեկ խաղում դարպասները մնացին անառիկ: Այդ հանդիպումներում արդյունավետությամբ հատկապես աչքի ընկավ Արամ Հակոբյանը' խփելով 8 գնդակ, որից 4-ը' 11մ հարվածով: Ընդ որում 2-րդ շրջանի խաղում նա ֆուտբոլային պոկերի հեղինակ դարձավ: Հետագայում ևս 3 անգամ "Բանանցը" հաղթեց (2007թ.' 3:0, 2010թ.' 3:0, 5:0): Խոշոր հաշվով հաղթանակներից 2-ը գրանցվել են Կապանում:
Առաջնության 2-րդ շրջանում, Երևանում էլ կրկին հաղթեց "Գանձասարը": Թիմին հաղթանակ պարգևեց "Բանանցի" ֆուտբոլիստ Նարեկ Գյոզալյանը' գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Օգոստոսի 4-ին Կապանում կայացած 3-րդ շրջանի խաղում "Բանանցին" վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել "Գանձասարի" հետ մրցավեճում: Հաշիվը բացեց "Գանձասարի" նորեկ Ռեջիլիո Զեեդորֆը, որին "Բանանցը" պատասխանեց Լևոն Անանյանի գոլով:
4-րդ շրջանի երևանյան խաղում դարպասները մնացին անառիկ:
"Բանանցի" հետ կապանյան 14 հանդիպումներում "Գանձասարը" տոնել է 5 հաղթանակ, կրել է 7 պարտություն: Առաջնության վերջին 5 հանդիպումներում "Բանանցին" չի հաջողվել հաղթել "Գանձասարին"' 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 2 պարտություն: Վերջին հաղթանակը "Գանձասարի" նկատմամբ "Բանանցը" տոնել է անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին' Կապանում առավելության հասնելով Բրունո Կորեայի խփած միակ գոլի շնորհիվ:
"Բանանցից" "Գանձասարի" դարպասն առավել հաճախակի' 9 անգամ գրավել է Սամվել Մելքոնյանը: 8 գոլի հեղինակ է դարձել Արամ Հակոբյանը: "Գանձասարից" 3 գոլ է խփել Արսեն Ավետիսյանը: