Արսեն Բեգլարյանը հրավիրվել է ազգային հավաքական
Կապանի «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը armsport.am-ին հայտնեց, որ թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը վաղը Թուրքիայից վերադառնալու է Երևան, քանի որ հրավեր է ստացել ազգային հավաքականից:
Այս օրերին «Գանձասարը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, իսկ երեկ մրցեց չինական «Դալիան Աերբինի» հետ:
«Շատ օգտակար խաղ էր, քանի որ մրցակցի կազմում հանդես էին գալիս մի շարք բարձրակարգ խաղացողներ՝ բրազիլացի Ֆաբիո Ռոշեմբակը, աֆրիկացի Սեյդու Կեյտան, ՊՍԺ-ից 15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխված Գիյոմ Օարոն:
Մենք պարտվեցինք 0:1 հաշվով, սակայն կարող էինք այլ կերպ ավարտել խաղը, քանի որ 2-3 իրական պահ ունեցանք: Հատկապես լավ պահ ուներ մեր բրազիլացի նորեկը՝ Ուիլիամ Պոտկերը, ով մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն դարպասապահը հրաշքով փրկեց: Պոտկերը շատ լավ տպավորություն թողեց այս խաղում»,-նշեց Վլադիկ Առաքելյանը:
«Գանձասարը» ևս երկու ստուգողական հանդիպում է անցկացնելու Բելեքում: Փետրվարի 28-ին Սևադա Արզումանյանի սաները մրցելու են ուկրաինական «Չեռնոմորեցի», իսկ փետրվարի 2-ին՝ ղազախական «Օրդաբասիի» հետ:
«Մյուս 2 խաղերին չի մասնակցի մեր հիմնական դարպասապահը՝ Արսեն Բեգլարյանը, քանի որ նա հրավեր ունի հավաքականից և վաղը ժամանելու Երևան, որպեսզի հասցնի ստանալ Շենգենյան վիզա»,- ասաց կապանյան թիմի գործադիր տնօրենը:
Խոսելով թիմում փորձաշրջան անցնող դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի և պաշտպան Գրիշա Խաչատրյանի մասին, Առաքելյանն ասաց հետևյալը.
«Մելիքսեթյանը կարիերան կշարունակի մեզ մոտ, իսկ Խաչատրյանի հարցում վերջնական որոշում կկայացնենք այս հավաքից հետո»:
26.01.2013